Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է ՆԱԶԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են 40-ից ավելի աշխատանքներ տարբեր շարքերից՝ «Ծառ», «Ծաղիկ», «Արև», «Բնապատկեր», «Իրականություն»: Կտավների հիմնական մասը ցուցադրվում է առաջին անգամ: Նազիկ Ասլանյանը Հայաստանի նկարիչների միության, նաև «Աշխարհի նկարիչներ» խմբակցության անդամ է: Անհատական և խմբակային ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս (Լոնդոնի, Վաշինգտոնի հայկական համայնքի ցուցասրահներում, Բոստոնի հայկական մշակույթի կենտրոնում, Լոնդոնի հնդկական ընկերակցության ցուցասրահում և այլուր): Աշխատանքները պահվում են Հայաստանի և արտերկրի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում:
Ժամանակակից արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 5-ը:
-Արվեստաբան Լևոն Չուգասզյանի կարծիքով` ձեր կտավները (աբստարկտ են, թե ոչ) պատկերում են մեր երկրի գույները, մեր բնությունը: Համամի՞տ եք, թե՞ հոգուց, տրամադրությունից են բխում գույները:
-Չնայած քիչ չեմ ճանապարհորդում, բայց քանի որ հայ եմ ու ապրում եմ Հայաստանում, կարծում եմ, բնական է, որ նկարչությունս հայկական հիմք ունի:
-Ձեր նախորդ ցուցահանդեսի ժամանակ ասացիք, որ անավարտ աշխատանքներ ունեք, բայց դրանք և անավարտ են, և անավարտ չեն: Այդ կտավները հանրության դատին ներկայացնո՞ւմ եք:
-«Ավարտված» և «անավարտ» փոխաբերական իմաստով եմ ասել: Քանի որ չես շարունակում աշխատել նկարի վրա, երբ զգում ես, որ ասելիքդ արդեն փոխանցել ես:
-Կարողանո՞ւմ եք Ձեր գործերին նայել կողքից, նորովի բացահայտել:
-Յուրաքանչյուր անգամ դիտելիս նոր մտքեր են առաջանում: Երբեմն քննադատաբար եմ մոտենում, երբեմն` ոչ:
-Նկարը դիտողը կարո՞ղ է տեսնել մի բան, որ գուցե ինքներդ չեք նկատել, չեք մտածել` նկարելիս:
-Յուրաքանչյուրը յուրովի է ընկալում, բայց հիմնականում, կարծում եմ, հաջողվում է փոխանցել այն, ինչ ուզում էի ասել:
-«Կապ չունի՝ ինչ ես նկարում, որոշակի առումով դա դու ես». Ձեր խոսքերն են: Իսկ փոխվո՞ւմ է արվեստագետն ինքը, նաև իր աշխարհն ու ձեռագիրը:
-«Դու ես», քանի որ աշխարհը ընկալում ես քո ներաշխարհով, կարծես այն անցնում է քո ներքին պրիզմայով: Կայացած արվեստագետի ձեռագիրը չի փոխվում, բայց գաղափարները, մտքերը կարող են փոխվել:
-Այս ցուցահանդեսը հնարավո՞ր է ցուցադրվի դրսում:
-Ցուցահանդեսների տարբեր առաջարկներ ստացել եմ: Գուցե Իրանում ցուցադրվի: Դեռ քննարկումների փուլում ենք:
-Իսկ մարզերում, Արցախում ներկայացնելո՞ւ եք:
-Կուզեի, բայց դեռ չեմ ծրագրել:
-Նկարչությունը մենախոսությո՞ւն է, թե՞ երկխոսություն:
-Երկխոսություն: Դիտողը զրուցում է նկարի հետ, ներքին զրույց է:
-Դժվարությա՞մբ եք բաժանվում աշխատանքներից, թե՞ բնական է, նույնիսկ ցանկալի, որ նրանից ամեն մեկն իր կյանքով ապրի:
-Հեշտ եմ բաժանվում, և ուրախալի է, երբ յուրաքանչյուրը իր պատն է գտնում և իր զրուցակցին:
-Նկարը նաև նյութական արժեք է: Ինչպե՞ս է կազմակերպվում վաճառքի գործընթացը մեր երկրում:
-Նկարները կարելի վաճառել և ցուցասրահների կամ կուրատորների, արտ-դիլերների միջոցով, ինչպես նաև համացանցի միջոցով կամ ուղղակի արվեստանոցից: Հնարավորությունները հիմա շատ են:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Ստեղծագործել և ներկայանալ նոր աշխատանքներով, նոր ստեղծագործական լուծումներով:
Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ